Վաշինգտոնում ապաշրջափակման հարցով ձեռք բերված համաձայնությունների շուրջ առաջիկա շաբաթներում նորություններ կլինեն, «Ազատությանը» հայտնեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: Սարգիս Խանդանյանն այլ փակագծեր չբացեց, բայց նշեց այդ հարցով աշխատանքները հնարավորինս շուտ սկսելու հարցում շահագրգռված են թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Ադրբեջանը:
«Ընդհանուր առմամբ՝ թե՛ աշխատանքային խմբերի ձևավորման.... քննարկումներ են անհրաժեշտ ու այդ քննարկումները կմեկնարկեն, տեխնիկական դետալների և այլ հարցերի շուրջ», - ասաց Խանդանյանը:
Երեք երկրների ղեկավարների ստորագրած եռակողմ հռչակագրով Երևանն ու Բաքուն վերահաստատել են հաղորդակցությունների բացման կարևորությունը: Ադրբեջանը դեպի Նախիջևան անխոչընդոտ հաղորդակցություն կստանա, Երևանը՝ միջազգային ու ներպետական հաղորդակցություն՝ փոխադարձ առավելություններով: Ամերիկյան կողմի հետ Երևանը կաշխատի նաև «Թրամփի ուղին» զարգացնելու ուղղությամբ: Այս համաձայնություններից, սակայն, մանրամասներ դեռ հայտնի չեն: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի խոսքով՝ առաջիկայում սպասվող քննարկումները կընթանան տարբեր ձևաչափերով:
«Ինչ վերաբերում է «Թրամփի ուղի» նախագծին, ապա երկկողմ՝ Հայաստան-Միացյալ Նահանգներ ձևաչափով: Ինչ վերաբերում է ապաշրջափակման հետ կապված մյուս գործընթացներին, այսինքն, ակնհայտորեն Հայաստանն ու Ադրբեջանը պետք է աշխատեն միմյանց հետ, ոչ միայն քաղաքական, այլ այնտեղ տեխնիկական հարցեր կան երկաթուղիների հետ կապված և այլն, այստեղ էլ կլինեն Հայաստան-Ադրբեջան երկկողմ քննարկումներ», - նշեց Սարգիս Խանդանյանը:
Վաշինգտոնյան համաձայնությունների գործնական փուլ մտնելուն ընդառաջ Հայաստան կժամանի Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Մինչ այդ ռուս պաշտոնյան երեկ հայտնել է՝ Մոսկվան կաջակցի Երևանին Բաքվի հետ «Թրամփի երթուղի» կոչվող «տրանսպորտային միջանցք» ստեղծելու ծրագրերում, եթե Երևանն անհրաժեշտ համարի:
Իշխանության ներկայացուցիչ Սարգիս Խանդանյանն ընդգծում է՝ «Թրամփի ուղին» երկկողմ նախագիծ է և որևէ երրորդ կողմի ներգրավման համար անհրաժեշտ է նաև ամերիկյան կողմի համաձայնությունը: Դա հենց հռչակագրում է ամրագրված:
«Ես վստահ եմ, որ շատ հետաքրքրված կողմեր կլինեն, հաշվի առնելով ստրատեգիական կարևորությունը այս նախագծի, թե՛ պետություններ, թե՛ մասնավոր ընկերություններ, որոնք կցանկանան ներդրումներ անել ու մասնակից լինել այս նախագծին, բայց նման հարցերը պետք է դառնան Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև քննարկման և որոշման առարկա: Կարծում եմ՝ դրա մասին դեռ վաղ է խոսել, քանի դեռ դետալների շուրջ հստակություններ ու վերջնական բանակցություններ չեն տեղի ունեցել», - ասաց Խանդանյանը:
Միացյալ Նահանգներից վերադառնալուց հետո Հայաստանի վարչապետը ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները ներկայացրել էր նաև Ռուսաստանի նախագահին: Մոսկվայից այս օրերին հիշեցնում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու դրանից բխող պայմանավորվածությունները: Մինչև 2023 ամառնը տարածաշրջանային ապաշրջափակման հարցով քննարկումների հիմքում հենց այդ պայմանավորվածություններն էին: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորությամբ ձևավորված աշխատանքային խումբը, սակայն, արդեն երկու տարի է՝ փաստացի չի գործում:
Այն ժամանակ ապաշրջափակման բանակցություններում ռուսական կողմը ներկայացրած Ալեքսեյ Օվերչուկը երեկ նաև ասել է՝ կան որոշ նրբություններ, որոնք պետք է ճշգրտեն կողմերի հետ՝ նկատի ունենալով թե՛ Երևանին, թե՛ Բաքվին. - «Մեզ հետաքրքիր է իմանալ՝ որքանով են կողմերը առաջ գնացել այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք քննարկվել են այդ եռակողմ աշխատանքային խմբում։ Որոշ նրբություններ վերաբերում են Հարավային Կովկասում ՌԴ-ի շահերին, նախ և առաջ՝ երկաթուղային հաղորդակցության զարգացման տեսանկյունից»:
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը իրականացնում է այն երկաթուղիների կառավարումը, որոնք այսօր գործում են Հայաստանում. և՛ պայմանագիրը Հայաստանի ու Ռուսաստանի միջև, և՛ ընկերության գործունեությունը այս տարիների ընթացքում և հաջորդող տարիներին տրամաբանական է, որ պետք է շարունակվեն այդ երկաթուղիների վրա, նոր կառուցվող կամ նոր շահագործվող երկաթուղիների մասով այստեղ որևէ պարտավորություն չունի Հայաստանը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը ներգրավելու տեսանկյունից», - ընդգծեց Սարգիս Խանդանյանը:
Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով՝ Հայաստան այցի ընթացքում նաև ԵԱՏՄ-ում աշխատանքը կքննարկվի: Մոսկվայից այս օրերին ուղիղ հայտարարել են՝ ապաշրջափակման որոշումները մշակելիս Երևանը չպետք է մոռանա, որ ԵԱՏՄ անդամ է: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը շեշտում է՝ ապաշրջափակման հիմնական սկզբունքներից մեկը երկրի իրավազորությունն է, ուստի կգործեն Հայաստանի օրենքները:
«Մաքսային գործունեությունը նաև բացվող ենթակառուցվածքների վրա գործելու է հիմնվելով Հայաստանի օրենսդրության, Հայաստանի օրենքների վրա ու Հայաստանի օրենքները ըստ այդմ համապատասխանեցված են ԵԱՏՄ կանոնակարգերին: Բնականաբար, այստեղ ինչ-որ լրացուցիչ խնդիրներ առաջանալ չեն կարող», - նշեց Խանդանյանը:
Ռուսաստանի փոխվարչապետի երևանյան այցի հստակ օրը դեռ հայտնի չէ: