Մոսկվան աջակցում է Երևանին Բաքվի հետ «Թրամփի երթուղի» կոչվող «տրանսպորտային միջանցք» ստեղծելու ծրագրում, եթե Երևանն անհրաժեշտ է համարում, այսօր լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան վստահեցրել է, թե Մոսկվան հարցը հենց նման հարթության մեջ է դիտարկում. - «Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ ինչ-որ բան իրենց համար լավ է, ապա մենք, իհարկե, Հայաստանին աջակցում ենք այդ հարցում»:
Օվերչուկն, ըստ ռուսական լրատվամիջոցների, այնուհանդերձ ասել է, որ կան որոշ նրբություններ, որոնք պետք է ճշգրտեն կողմերի հետ՝ առանց փակագծեր բացելու, թե խոսքն ինչի մասին է։
ՌԴ փոխվարչապետը նաև շեշտել է, թե Հարավային Կովկասում խաղաղությունը «լիովին և ամբողջությամբ համապատասխանում է» Ռուսաստանի Դաշնության շահերին: «Եթե նրանք կարծում են, որ Վաշինգտոնում համապատասխան հռչակագրի ստորագրումը ապահովում է ավելի մեծ անվտանգության երաշխիքներ, ապա դա լավ է, քանի որ մենք նույնպես աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության գործընթացներին», - ասել է Օվերչուկը:
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը Ղրղըզստանում է՝ Եվրասիական տնտեսական միության Եվրասիական միջկառավարական խորհրդի 43-րդ նիստին մասնակցելու։
Չոլպոն-Աթա քաղաքում է նաև Իրանի առաջին փոխնախագահը։ Թեհրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունի։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նիստի ընթացքում ևս անդրադարձել է Իրանի հյուսիսին սահմանակից՝ Սյունիքով անցնող «Թրամփի ուղի» անունը ստացած ճանապարհին։
Մոհամմադ Ռեզա Արեֆին հայտարարել է. - «Իրանը, ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունը տարածաշրջանում, ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը՝ հայտարարելով երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու իր անփոփոխ դիրքորոշման մասին։ Թեհրանը գտնում է, որ օտար երկրների միջամտությունը տարածաշրջանի գործերին՝ չի նպաստի կայուն անվտանգությանը»։
Թեհրանին մասնավորապես անհանգստացնում է ամերիկյան ներկայությունը:
«Թրամփի ուղի» անունը ստացած նախագիծը կյանքի կոչելու համար Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ նահանգների միջև օգոստոսի 8-ին կնքված հռչակագրով Միացյալ Նահանգները Հայաստանի հետ է աշխատելու, բայց թե ինչ ձևաչափով, դեռ չի հստակեցվում։
Երևանից այս ընթացքում փորձում են փարատել և՛ Թեհրանի, և՛ Մոսկվայի մտահոգությունները՝ շեշտելով տարածաշրջանի ապաշրջափակումը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակում։
Այսօր էլ Ղրղըզստանում Եվրասիական տնտեսական միության Եվրասիական միջկառավարական խորհրդի 43-րդ նիստին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը լրացուցիչ խթան կհաղորդի ինչպես ապրանքների արտահանմանը երրորդ երկրներ, այնպես էլ ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառության աճին։
«Անհրաժեշտ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել մեր կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծի կարևորությունը, որի նպատակն է ստեղծել հուսալի և փոխկապակցված տրանսպորտային երթուղիներ՝ ապահովելով կայուն տարածաշրջանային զարգացում և տնտեսական կապերի ամրապնդում բոլոր շահագրգիռ պետությունների միջև՝ պետությունների ինքնիշխանության և իրավասության լիարժեք հարգանքի, ինչպես նաև փոխադարձության սկզբունքի հիման վրա», - հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Այս նիստին պետք է Հայաստանի վարչապետը մասնակցեր, սակայն նրա խոսնակը փոխանցել էր, որ Փաշինյանը դեռ արձակուրդում է: