Մոսկվան աջակցում է Երևանին Բաքվի հետ «Թրամփի երթուղի» կոչվող «տրանսպորտային միջանցք» ստեղծելու ծրագրերին, եթե Երևանն անհրաժեշտ է համարում, այսօր լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան վստահեցրել է, թե Մոսկվան հարցը հենց այդ հարթության մեջ է դիտարկում. - «Եթե նրանք կարծում են, որ Վաշինգտոնում համապատասխան հռչակագրի ստորագրումը ապահովում է ավելի մեծ անվտանգության երաշխիքներ, ապա դա լավ է, քանի որ մենք նույնպես աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության գործընթացներին»:
Օվերչուկն, ըստ ռուսական լրատվամիջոցների, այնուհանդերձ ասել է, որ կան որոշ նրբություններ, որոնք պետք է ճշգրտեն կողմերի հետ՝ առանց փակագծեր բացելու, թե խոսքն ինչի մասին է։
ՌԴ փոխվարչապետը նաև շեշտել է, թե Հարավային Կովկասում խաղաղությունը «լիովին և ամբողջությամբ համապատասխանում է» Ռուսաստանի Դաշնության շահերին:
Օվերչուկը նաև հայտնել է, որ հաջորդ շաբաթ Երևան է այցելելու, որի ընթացքում հանդիպելու է վարչապետ Փաշինյանին՝ քննարկելու որոշ նրբություններ, որոնք կապված են նախ և առաջ Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հետ»։
Նա անդրադարձել է այդ հարցով 44-օրյա պատերազմից հետո ձևավորված Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ-ի աշխատանքային խմբին, որը վերջին տարիներին փաստացի չի գործում։ «Մեզ հետաքրքիր է իմանալ՝ որքանով են կողմերը առաջ գնացել այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք քննարկվել են այդ եռակողմ աշխատանքային խմբում։ Որոշ նրբություններ վերաբերում են Հարավային Կովկասում ՌԴ-ի շահերին, նախ և առաջ՝ երկաթուղային հաղորդակցության զարգացման տեսանկյունից» , - ասել է ՌԴ փոխվարչապետը:
Հայաստանում գործող Հարավկովկասյան երկաթուղին 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնված ռուսական երկաթուղուն: Թե ինչ նկատի ունի Օվերչուկը, հստակ չէ, բայց այս օրերին Հայաստանի իշխանությունները պարբերաբար հավաստիացնում են, թե «Թրամփի ուղի» անունը ստացած ճանապարհը շահավետ նաև այս նախագծի շուրջ վերապահումներ ունեցող Մոսկվայի և Թեհրանի համար: «Երբ դրանք կյանքի կոչվեն, Իրանը հնարավորություն կունենա երկաթուղով Պարսից ծոցից հասնել Սև ծով, իսկ Ռուսաստանն ու Իրանը կկարողանան ունենալ երկաթուղային կապ երկու երկրների միջև: Եթե կենտրոնանանք համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, ԱՄՆ-ն ու Թուրքիան, այլև ՌԴ-ն ու Իրանը կունենան շատ կարևոր օգուտներ» , - հայտարարել էր վարչապետ Փաշինյանը:
Հայաստանը և Ռուսաստանը նույն տնտեսական միության՝ ԵՏՄ անդամ են և հենց այս հանգամանքն են նաև շեշտում ռուս պաշտոնյաները՝ Վաշինգտոնում հայ-ամերիկա-ադրբեջանական պայմանավորվածություններին անդրադառնալիս: Ըստ այդ համաձայնության՝ Հայաստանը Սյունիքով անխոչընդոտ ճանապարհ է տրամադրում Ադրբեջանին դեպի իր էքսկլավ Նախիջևան:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ ռուսական կողմը շահագրգռված է մաս կազմել «Թրամփի ուղի» անունը ստացած ճանապարհին։ Ըստ նրա՝ դրա գործարկման դեպքում թիվ մեկ շահառուն հենց Մոսկվան է լինելու. «Քանի որ ինքն այստեղ բավականին լուրջ ներդրումներ ունի և այդ ներդրումների արդյունավետությունն էլ ավելի կմեծանա, եթե արտաքին աշխարհի հետ երկաթուղային կապ ունենա»:
Մասնագետը պատահական չի համարում, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո՝ Մոսկվան արդեն մի քանի անգամ հիշեցրել է հաղորդակցության ուղիները ապաշրջափակելու հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ աշխատանքային խմբի մասին։ «Տրամաբանական է Օվերչուկի հայտարարությունները, քանի որ նրանք նույնպես փնտրում են հնարավորինս էժան կապ, որն ապահովում է երկաթուղային կապը, և նրանք ցանկանում են, որ այդ երկաթուղային կապից օգտվեն նաև իրենց կազմակերպությունները: Այս համատեքստում կարծես կա շահերի համընկնում և՛ ամերիկյան, և՛ ռուսական, և՛ հայկական: Պետք է փորձել այդ շահերի համընկնումն էլ ավելի խորացնել և փորձել այս գործընթացի մեջ այլ երկրներ կամ այլ ընկերություններ նույնպես ներգրավել», - ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը, ով կարծում է՝ ռուսական կողմը Երևանի հետ պետք է ճշգրտի հենց նոր կնքված համաձայնագրի ու նոյեմբերի 9-ին կնքված փաստաթղթի համատեղելիությունը, հատկապես որ կողմերը չեն հրաժարվել 44-օրյայի ավարտն ազդադարող այդ փաստաթղթից. «Մի կողմից ինքը նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ունի, որը Փաշինյանի կողմից ստորագրությունը հետ չի քաշվել, մյուս կողմից՝ ստորագրել է նոր փաստաթուղթ, որով ամերիկյան կողմն է ստանձնել այդ երթուղու նկատմամբ վերահսկողության ինչ-որ մասնաբաժին: Այսինքն՝ այստեղ էլ կա որոշակի բացատրելու կարիք, որ գործող իշխանությունները պետք է փորձեն դա կատարեն, թե ինչպես, չեմ կարող պատկերացնել, քանի որ շատ հաճախ նրանց խոսքն ու գործը շատ կտրուկ տարբերվում է», - ընդգծում է տնտեսագետը:
Ռուսաստանցի պաշտոնյան ասել է, որ հայկական կողմից բացի հաջորդ շաբաթ նույն հարցով հանդիպումներ ունի նաև ադրբեջանական կողմի հետ՝ Ռուսաստանի տարածքում։
Օվերչուկն այս հայտարարություններն արել է այսօր Ղրղզտանում ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում, դրան մասնակցել է նաև Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա էլ իր հերթին հայտարարել է, թե տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը լրացուցիչ խթան կհաղորդի ինչպես ապրանքների արտահանմանը երրորդ երկրներ, այնպես էլ ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառության աճին։
«Անհրաժեշտ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել մեր կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծի կարևորությունը, որի նպատակն է ստեղծել հուսալի և փոխկապակցված տրանսպորտային երթուղիներ` ապահովելով կայուն տարածաշրջանային զարգացում և տնտեսական կապերի ամրապնդում բոլոր շահագրգիռ պետությունների միջև՝ պետությունների ինքնիշխանության և իրավասության լիարժեք հարգանքի, ինչպես նաև փոխադարձության սկզբունքի հիման վրա»,- հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Այս նիստին պետք է Հայաստանի վարչապետը մասնակցեր, սակայն նրա խոսնակը փոխանցել էր, որ Փաշինյանը դեռ արձակուրդում է: