Լավրովը Թուրքիայի և Հունգարիայի գործընկերների հետ քննարկել է Ալյասկայի գագաթնաժողովի արդյունքները

Ալյասկայում Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նախագահների հանդիպումից ժամեր անց՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել իր թուրք և հունգարացի գործընկերների հետ, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Ըստ հաղորդագրության՝ Լավրովի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թուրքիայի նախաձեռնությամբ։ «Արտաքին գործերի նախարարները կարծիքներ են փոխանակել օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացած Ռուսաստան-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքների վերաբերյալ», - ասվում է նախարարության տարածած կարճ հայտարարության մեջ։

Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Թուրքիան փորձել է դիվանագիտական ուղիները բաց պահել երկու կողմերի համար՝ հանդես գալով որպես ՆԱՏՕ-ի անդամ, Ռուսաստանի և Ուկրաինայի գործընկեր և պոտենցիալ միջնորդ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Լավրովը նաև հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ, կրկին քննարկվել է Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքները:

Պատերազմի ընթացքում Հունգարիան պահպանել է Ռուսաստանի հետ սերտ կապերը՝ հաճախ դեմ լինելով ԵՄ պատժամիջոցներին, քննադատության արժանացել Կիևի արևմտյան դաշնակիցների կողմից։