Հայաստանը կարևորում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի հետևողական և հրապարակային դիրքորոշումը, իրանցի պաշտոնյաների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:
Նա նաև վերահաստատել է, որ Հայաստանը փոխադարձաբար հաշվի է առնում Իրանի կենսական շահերը:
ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Կոստանյանն այսօր է այցելել Իրան, ուր հանդիպումներ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի, ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի, ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի և միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, ինչպես նաև Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիի հետ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը նախաստորագրելու և երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միտված վերջին առաջընթացի կապակցությամբ Իրանի շնորհավորանքն ու աջակցությունը:
Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ստորագրած համատեղ հռչակագրին՝ Վահան Կոստանյանն ընդգծել է, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում՝ համապատասխան վերոնշյալ հռչակագրի տառին և ոգուն:
Օգոստոսի 19-ին Հայաստան է այցելելու Իրանի նախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ապաշրջափակման բազմաթիվ հարցեր դեռ անպատասխան են մնում