Դատարանը երկու ամսով երկարաձգել է Սամվել Կարապետյանի կալանքը

Դատարանը երկու ամսով երկարաձգել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի կալանքը, փոխանցել է նրա փաստաբաններից Լիաննա Գասպարյանը:

Նա հավելել է, որ արդեն վաղը պաշտպանական կողմը մտադիր է դիմել Վերաքննիչ քրեական դատարան՝ վճիռը վերանայելու բողոքով:

Գործարարի պաշտպանության խորհրդից անտրամաբանական են որակել Հակակոռուպցիոն դատարանի որոշումը՝ նշելով, որ դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ «Հայաստանում արդարադատություն չկա»։

Դատական նիստից մեկ օր առաջ կալանավորված Կարապետյանը հայտարարել էր՝ «մեր ձևով» նախաձեռնության հիման վրա կձևավորվի իր քաղաքական ուժը:

Նրա պաշտպանության խորհուրդը վաղ առավոտյան տարածած հաղորդագրությամբ հայտնել է, որ բոլոր ծրագրերը ուժի մեջ են մնում, և որ օգոստոսի վերջին կմեկնարկի Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը։

Կարապետյանը կալանավորվել էր 2 ամիս առաջ, դրանից ժամեր առաջ Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանող հայտարարություն էր արել: Ոստիկանները շրջափակել ու խուզարկել էին նրա առանձնատունը:

Հետո իշխանությունը նրա հայաստանյան ամենամեծ ակտիվը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը», ազգայնացնելու գործընթաց սկսեց:

Կալանավորման ընթացքում Կարապետյանի՝ իշխանություն զավթելուն ուղղված կոչի մեղադրանքը լրացվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, հարկերը չվճարելու ու խարդախություն կազմակերպելու հոդվածներով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ համագործակցություն չի լինելու. Նարեկ Կարապետյանը՝ նոր ձևավորվող շարժման մասին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունում վստահ են՝ ՀԷՑ-ի գործով արբիտրաժում չեն պարտվի