Ապաշրջափակումից հետո Սյունիքով Ադրբեջանից Նախիջևան ճանապարհին ովքե՞ր են իրականացնելու հսկողություն

Ապաշրջափակումից հետո Սյունիքով Ադրբեջանից Նախիջևան ճանապարհին ովքե՞ր են իրականացնելու սահմանային և մաքսային հսկողություն, վաշինգտոնյան բանակցություններից հետո սա այն հիմնական հարցերից է, որի պատասխանը լրագրողները փորձում են պաշտոնյաներից ստանալ:

Ուղիղ պատասխան այսօր փորձեցինք ստանալ նաև տարածքային կառավարման ՔՊ-ական նախարար Դավիթ Խուդաթյանից: Պաշտոնյան, սակայն, հարցը համարեց տեխնիկական, ապա ընդգծեց. - «Այդ հարցը պետք է հասցեագրվի այն աշխատանքային խմբերին, որոնք կձևավորվեն այս ծրագիրն իրականացնելու համար: Առնվազն այս պահին հրապարակման ենթական չէ»:

Միացյալ Նահանգներում հայ-ամերիկա-ադրբեջանական հռչակագրի ստորագրումից երկու շաբաթ առաջ այդ հարցի շուրջ Երևանն ու Բաքուն տրամագծորեն տարբեր պատկերացումներ ունեին: Իլհամ Ալիևը պնդում էր, թե Սյունիքով անցնելիս ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները «չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի երեսը տեսնեն», հայկական կողմից հակադարձում էին՝ Հայաստանի համապատասխան ծառայություններին չհանդիպելու որևէ տարբերակ չկա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՀ երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը. վարչապետի խոսնակԱդրբեջանցիները չպետք է հայ սահմանապահի երես տեսնեն. Ալիև

Հռչակագրի ստորագրումից առաջ Երևանն ու Բաքուն ինչպե՞ս են հարթել այս տարաձայնությունը, դետալներ հայտնի չեն: Բայց համաձայնեցված փաստաթղթում Հայաստանն անխոչընդոտ ճանապարհ է տրամադրում Ադրբեջանին: Հայ պաշտոնյաները շեշտում են՝ ցանկացած լուծման հիմքում տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքներն են: Վարչապետն ու թիմակիցներն այս համաձայնություններից մանրամասներ չեն շտապում հայտնել:

«Առաջիկայում կմեկնարկեն աշխատանքային պրոցեսներ, այն պահից սկսած, երբ հավելայլ ինֆորմացիա փոխանցելու անհրաժեշտություն լինի, վստահաբար կառավարությունն այդ ինֆորմացիան կփոխանցի» , - լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման ՔՊ-ական նախարար Դավիթ Խուդաթյանը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը խնդրահարույց է համարում մեկ հիմնական հարց՝ ինչո՞ւ է եռակողմ հռչակագրում Հայաստանի տարածքի վերաբերյալ սահմանվել հատուկ լուծում՝ «անխոչընդոտ ճանապարհ» ձևակերպմամբ, իսկ Ադրբեջանի դեպքում միայն նշվում է, որ Հայաստանը ստանում է ճանապարհ փոխադարձ առավելություններով. «Եվ սա արդեն իսկ վկայում է, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը ենթարկվել է այսպես ասենք՝ առանձնահատուկ քննարկման: Սա արդեն իսկ ինքնիշխանության որոշակի նահանջ է, եթե ոչ իրավական տառի, ապա քաղաքական բովանդակության իմաստով: Եվ, հետևաբար, այս փաստը ունենալով մեղմ ասած դժվար է համոզիչ համարել ՀՀ պաշտոնյաների պնդումները, որ այդ հայտնի սկզբունքները պաշտպանվելու են: Այստեղ նաև հարց է առաջանում՝ կարո՞ղ է արդյոք ՀՀ որևէ պաշտոնյա շատ հստակ բացատրել՝ ինչ է նշանակում Ադրբեջանի համար անխոչընդոտ հաղորդակցություն, - ասում է Բադալյանը:

Վարչապետը չէր թաքցրել՝ անխոչընդոտ հաղորդակցության և փոխադարձ առավելություններով ճանապարհների միջև կան որոշակի տարբերություններ: Որո՞նք են այդ տարբերությունները, չէր մանրամասնել, բայց հարցը կապել էր ներդումների հետ. «Մենք ուզում ենք ներգրավենք օտարերկրյա ներդրողներ և օտարերկրյա ներդրողների բիզնես կառավարման մոդելով հետաքրքրված ենք: Ադրբեջանը, գուցե նաև այն պատճառով, որ ֆինանսական էական սահմանափակումներ չունի, Ադրբեջանը հետաքրքրված չէ դրանով»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր՝ պետական ինստիտուտները թե՛ մաքսային, թե՛ անձնագրային հսկողություն պետք է իրականացնեն, բայցև հիշեցրել՝ Երևանը պատրաստ է ընթացակարգերի պարզեցումների: Տարածքային կառավարման նախարարն այսօր առանց մանրամասների կրկին պնդեց՝ ցանկացած առավելություն փոխադարձ է լինելու. «Ստուգման մեթոդի մասին ինֆորմացիա չեմ կարող տալ, որովհետև դա իրականում նեղ մասնագիտական հարց է ու այդ մեթոդիկայի հարցով ես չէ, որ պետք է ինֆորմացիա փոխանցեմ»:

Փոխադարձ առավելություններ ունենալու այս պնդումները քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ միևնույն է չեն տալիս բաց հարցերի պատասխանները. «Եթե ամեն ինչ լինելու է փոխադարձ, ինչո՞ւ փոխադարձ չեն ձևակերպումները, ինչո՞ւ գրված չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքով ստանում են անխոչընդոտ հաղորդակցության կամ բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների հնարավորություն: Ինչո՞ւ է գրված, որ Ադրբեջանն է ստանում անխոչընդոտ հաղորդակցություն, իսկ Հայաստանի դեպքում ընդամենը գրված է, որ ստանում է փոխադարձ առավելություններ»:

Ապաշրջափակման շուրջ բոլոր դետալները, տարածքային կառավարման նախարարի խոսքով, պարզ կդառնան առաջիկայում, երբ ձևավորվեն աշխատանքային խմբերն ու սկսեն աշխատել: Թե դա երբ կլինի, պաշտոնյան ժամկետներ չնշեց, բայց ընդգծեց՝ շատ սպասելու կարիք չի լինի: