Ալյասկայում այսօր հանդիպում են Թրամփն ու Պուտինը

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները՝ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը, այսօր հանդիպելու են Ալյասկայում:

Սա երկու երկրների առաջնորդների առաջին հանդիպումն է այն պահից, երբ Թրամփը վերադարձել է Սպիտակ տուն։ Հանդիպումը տեղի է ունենում Ուկրաինայի և Եվրոպայի մտահոգությունների ֆոնին, որ Թրամփը կարող է զիջել Կիևի շահերը։

Թրամփը, որը ավելի վաղ ասել էր, թե Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ կավարտի 24 ժամում, հինգշաբթի օրը նշել է, որ երեքուկես տարվա հակամարտությունն ավելի բարդ է լուծել, քան ինքն էր կարծում։

Նա ասել է, որ եթե իր հանդիպումը Պուտինի հետ լավ անցնի, ապա դրան հաջորդող եռակողմ գագաթնաժողովի անցկացումը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որն ուրբաթ օրվա հանդիպմանը հրավիրված չէ, կլինի իր և Պուտինի հանդիպումից էլ ավելի կարևոր։

Պուտինը, իր հերթին, գովել է, ինչպես ինքն է ասել, ԱՄՆ-ի «անկեղծ ջանքերը»՝ պատերազմն ավարտելու ուղղությամբ։

Կրեմլին մոտ աղբյուրը Reuters-ին ասել է, որ կարծես թե կողմերին հաջողվել է նախնական գտնել ինչ-որ ընդհանուր համաձայնության կետ։