Փաշինյանը խախտել է վարքագծի կանոնը. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է վարքագծի կանոնը. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկուսուկես ամսում, լինգվիստական փորձաքննություններով, բացատրական ու հոմանիշների բառարաններով, ոճագիտական ձեռնարկներով 30 էջանոց եզրակացությամբ հանգել է նրան, որ «դոմփել» բառը գռեհիկ է, կոպիտ ու անվայելուչ: Այդ բառը Հայաստանի վարչապետը մայիսի 30-ի ֆեյսբուքյան ստատուսում էր օգտագործել:

Հանձնաժողովը այս հարցով հարուցած վարույթի շրջանակում նաև Փաշինյանից է պարզաբանում խնդրել ու ստացել: Նրա դիրքորոշումն այն է, որ բառը խոսակցական է, բայց անպարկեշտ չէ, այն օգտագործվել է սուրբ եկեղեցու արժեքները պաշտպանելու համատեքստում: Այս կարծիքը մինչև հանձնաժողովին ներկայացնելն արդեն հնչել էր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը բացահայտեց մոդելը, որով վեհափառին հանելու է Վեհարանից

Վարչապետի թիմակիցները նույնպես ոչ մի խնդիր չէին տեսնում:

Արդարադատության նախարարը սա գնահատում էր սուր երանգ պարունակող բառամթերք. - «Եթե դա չի հատում իրավականության սահմանը, կարծում եմ, որ այստեղ խնդիր չկա»:

6 տառանոց այդ բառը փորձագիտական կենտրոնի ավագ փորձագետը ուղղակի քրքրել է. բառը խոսակցական հայերենում երկու իմաստ ունի՝ հարվածել, խփել ու սեռական հարաբերություն ունենալ. - «Ինչ վերաբերվում է «դոմփել» բառի երկրորդ բացատրությանը, այն է՝ սեռական հարաբերություն ունենալը, ապա նշենք, որ այդ իմաստային տարբերակը գուցե գործածվում է նմանաձայնության կամ գործողության նմանության հիմունքով: Այն ժարգոնային տիրույթում ակտիվացել է 2000-ականներից»:

Փորձագետը բառի ավելի քան 30 հոմանիշ է ներկայացրել, այդ թվում նաև խոսակցական, ժարգոնային ու գռեհիկ բառեր: Լեզվաբան փորձագետը, սակայն, հանձնաժողովի առաջադրած հարցին՝ թե ի վերջո Փաշինյանը ո՞ր իմաստով է օգտագործել բառը՝ հարվածելո՞ւ, թե՞ կենակցելու, չի պատասխանել, և այդ բեռը մնացել է հանձնաժողովականների վրա:

«Հանձնաժողովը գտնում է, որ վարչապետ Փաշինյանի կողմից «դոմփել» բառը գործածվել է իր երկրորդ նշանակությամբ՝ «սեռական հարաբերություն ունենալ» իմաստով»:

Սրան հանգելու համար հանձնաժողովն ուսումնասիրել է Փաշինյանի գրառումները, որոնց առանցքում հոգևորականների կուսակրոնության ուխտն է, պարզել է՝ հայտնի ստատուսը քեռակնոջը հարվածելու մասին չէ: Ուստի հանձնաժողովն արձանագրում է՝ վարչապետն իր գրառմամբ խախտել է բարեկրթության ու հարգալիրության սկզբունքը, նա պետք է գիտակցի այն առանձնահատուկ ազդեցությունը, որ կարող է ունենալ իր խոսքը հանրային բանավեճի մշակույթի ու այլոց հեղինակության վրա:

Էլ ավելի երկար է տևել Փաշինյանի՝ ընդդիմադիրներին ուղղված զայրույթի ու «համբալ» բառի ուսումնասիրությունը. սա Ազգային ժողովի մայիսյան հարցուպատասխանն է: Վարչապետն ինքը հանձնաժողովին պարզաբանում է ներկայացրել՝ թե ափսոսում է տեղի ունեցածի համար, բայց Հայաստանի քաղաքական մշակույթը թույլ չի տալիս բացառել նման դեպքերը: Այն, ինչ ասել է, այդ մշակույթի շրջանակում է, անձնական վիրավորանքի կամ սպառնալիքի մտադրություն չի ունեցել:

Հանձնաժողովը եզրակացրել է՝ Փաշինյանը, ճիշտ է, բարկացած ու բարձր է խոսում, բայց պատգամավորներին ուղղված անձնական վիրավորանքներ չկան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եթե մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ պադվալ». Փաշինյանը՝ ընդդիմադիրներին

Ընթացիկ վիճաբանություն է, արձանագրել է հանձնաժողովը, Փաշինյանի այս խոսքը սադրիչ ու ցնցող է համարել, բայց քննադատության արձագանք է՝ ընդունելի քաղաքական բանավեճի ընթացքում: Իսկ «համբալ» բառը խնդրահարույց է, որովհետև բեռ տանող բանվորից բացի այս բառը այլ իմաստ էլ ունի՝ ըստ Հայրապետյանի բառարանի:

«Համբալ» բառն ունի նաև տարատեսակ «ծանր ու ոչ պատվաբեր աշխատանքներ կատարող բանվոր», փոխաբերական իմաստով «հիմար, տգետ» իմաստները: Ըստ այդմ, նոր բառարաններում «համբալ» բառը ստացել է փոխաբերական իմաստ՝ հանրության կողմից ընկալվելով որպես բացասական ու վիրավորական արտահայտություն», - նշված է եզրակացությունում:

Անկախ դիմացինի վարքագծից՝ հանրային պաշտոն զբաղեցնողը զուսպ, քաղաքավարի ու բարեկիրթ պետք է լինի, հանձնաժողովից վարքագծի կանոններն են հիշեցնում ու եզրակացնում՝ «համբալ» բառը վիրավորանք է, Նիկոլ Փաշինյանը վարքագծի կանոն է խախտել:

Իսկ ի՞նչ է հետևելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի այս երկու եզրակացություններին, որոնք նվիրված էին երկու բառերի. հետևելու է այն, որ վարչապետ Փաշինյանը եռօրյա ժամկետում կառավարության կայքում պետք է պարզաբանում ներկայացնի:

Տեսանյութն՝ ավելի ուշ