Աշխարհն ուշի ուշով հետևում է, թե ինչպես կընթանա Ալյասկայի Անքորիջ քաղաքում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի այսօրվա հանդիպումը՝ դադարեցնելու Ուկրաինայում արդեն չորրորդ տարին ընթացող և Երկրորդ համաշխարհայինից հետո Եվրոպայի ամենաարյունալի պատերազմը: Էլմենդորֆ-Ռիչարդսոն ավիաբազայում Երևանի ժամանակով ժամը 23:30 նախատեսված պատմական հանդիպումը կսկսվի առաջնորդների դեմ առ դեմ բանակցություններով, ապա կշարունակվի ընդլայնված կազմով, որին կհետևի մամուլի ասուլիս:
Սա նախագահների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է Թրամփի երկրորդ ընտրությունից հետո: Այն տեղի է ունենալու մտավախությունների ֆոնին, որ Թրամփը կարող է հաշվի չառնել Կիևի շահերը, թեև նա վստահեցրել է՝ Ուկրաինային վերաբերող բոլոր հարցերը կքննարկվեն Կիևի մասնակցությամբ:
ԱՄՆ նախագահական ինքնաթիռը Վաշինգտոնից արդեն մեկնել է Ալյասկա: Սպիտակ տան ղեկավարը սոցցանցում գրել է, որ «խաղադրույքները բարձր են»։ Արդեն ինքնաթիռում ճեպազրույցի ժամանակ ասել է`Ուկրաինային թույլ կտա, որ իրենք որոշեն՝ տարածքային փոխանակում անե՞լ Ռուսաստանի հետ, թե՞ ոչ: Թրամփը հնարավոր է համարել, որ ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ տա Ուկրաինային, սակայն միայն Եվրոպայի հետ միասին և ոչ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության միջոցով:
ԱՄՆ նախագահը նաև ասել է՝ Պուտինը, շարունակելով հարձակումները, կարծում է, որ դա իրեն ուժ է տալիս բանակցություններում, մինչդեռ դա ցավեցնում է նրան: Թրամփը կրկին սպառնացել է՝ եթե Պուտինը չհամաձայնի հրադադարին, կարող է շատ խիստ հետևանքների բախվել:
«Այո, տնտեսական ծանր հետևանքներ կլինեն, շատ ծանր ... Կուզեի կենտրոնանալ մեր երկրի վրա։ Բայց ես սա անում եմ շատ կյանքեր փրկելու համար: Այո, շատ ծանր հետևանքներ կլինեն», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը:
Թրամփը ողջունել է, որ ռուսական պատվիրակությունում բիզնես ոլորտի ներկայացուցիչներ կան, սակայն վստահեցրել է՝ Ռուսաստանի հետ ոչ մի բիզնես չի լինի, քանի դեռ չի դադարեցվել պատերազմը:
Ավելի վաղ էլ Թրամփը լավատեսություն էր հայտնել խաղաղության հասնելու վերաբերյալ՝ նշելով, որ ավելի կարևոր է Պուտինի հետ երկրորդ հանդիպումը՝ արդեն Ուկրաինայի նախագահի հետ, որի անցկացումը կախված է այս հանդիպման արդյունքներից:
Ամերիկյան պատվիրակության կազմում են արտաքին գործերի, առևտրի և ֆինանսների նախարարները, նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը։
Ռուսաստանը հույս ունի Ալյասկայի գագաթնաժողովում շարունակել երկխոսությունը, որն սկսվել է Ուիթքոֆի այցերի ժամանակ, ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը հանդիպումից մի քանի ժամ առաջ է ժամանել Անքորիջ, ընդ որում՝ CCCP գրությամբ սվիտերով:
«Մենք գիտենք, որ ունենք փաստարկներ և հստակ դիրքորոշում։ Մենք կբացատրենք դրանք։ Սթիվ Ուիթքոֆի այցերի ընթացքում շատ բան է արդեն արվել։ Նախագահը խոսել է այս մասին։ Ուիթքոֆը խոսել է նախագահ Թրամփի անունից։ Հուսով եմ՝ կշարունակենք այս շատ օգտակար զրույցը», - նշել է Լավրովը:
Ալյասկա են ժամանել նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, պաշտպանության նախարարը, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավարն ու ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը: Վերջինս ասել է՝ չնայած գլխավորը քաղաքական հարցերն են, տնտեսական թեմաներ ևս կքննարկվեն: Հանդիպումից հետո որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում, մինչ այդ ասել է Կրեմլի խոսնակը:
ԱՄՆ պետքարտուղարն, իր հերթին, հույս է հայտնել, որ հանդիպումը լավ կանցնի: Ամեն ինչ, սակայն, կախված է Ռուսաստանից ու Ուկրաինայից, ասել է Մարկո Ռուբիոն:
«Կարծում եմ՝ բոլորս գիտակցում ենք, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է քննարկում անվտանգության երաշխիքների, տարածքային վեճերի և պահանջների, ինչպես նաև այն բաների շուրջ, ինչի համար նրանք պատերազմում են», - նշել է Ռուբիոն:
The New York Times-ը գրում է, որ ընդամենը մեկ շաբաթում կազմակերպված հանդիպումը ԱՄՆ քաղաքականության զգալի փոփոխության մասին է վկայում, իսկ գործարքներ կնքելու՝ Թրամփի հակումը շատ հարցեր է առաջացնում հանդիպման հնարավոր արդյունքի մասին: Միայն փաստը, որ Թրամփը գնում է հանդիպման, արդեն դիվանագիտական հաղթանակ է Կրեմլի համար, նշում է թերթը։
Reuters-ն էլ գրում է, որ հրադադարի հասնելու հույսերն անորոշ են, սակայն Պուտինի երեկվա ակնարկը, որ կբարձրացնի միջուկային զենքի վերահսկման հարցը, կարող է երկուսին էլ օգնել՝ փրկելու իրենց դեմքը։
Ըստ The Washington Post-ի՝ Պետանվտանգության կոմիտեի նախկին սպա Պուտինը գործի կդնի տասնամյակների փորձը, որպեսզի հմայի և մանիպուլացնի Թրամփին՝ փորձելով համոզել, թե պատրաստ է խաղաղության:
Հանդիպման նախօրեին Անքորիջում մի քանի հարյուր մարդ ցույց է արել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի և ընդդեմ Պուտինի այցի։ Ցուցարարները հայտարարել են, որ «Պուտինը ռազմական հանցագործ է և տեղ չունի ամերիկյան հողում»:
Հանդիպումից առաջ ռուսական զինուժը շարունակել է հարվածները, Սումիում, Խերսոնում կան զոհեր և վիրավորներ: Ռուսական կողմը հայտնել է, որ ևս մեկ բնակավայր է վերցնել Ուկրաինայի արևելքում:
Ուկրաինական զինուժի հարվածից Իրանից անօդաչուների մասեր և զինամթերք տեղափոխող նավ է խորտակվել Աստրախանում: Կուրսկում էլ հարվածել են բազմաբնակարան բնակելի շենքի, կա մեկ զոհ, 17 վիրավոր: